Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կաճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիր

Ծրագրից կարող են օգտվել՝ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձինք: 

Ծրագրից օգտվելու նպատակով և՛ անապահով ճանաչված անձինք, և՛ գործատուները պետք է նախապես գրանցվեն e-work.am հարթակում: 

Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) ներկայացնում է դիմում: 

Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից.

    1.  Մասնագիտական ուսուցում – Տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման պայմանագիր: Պայմանագրի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև 5 ամիս տևողությամբ իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացում: Գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 250.000 դրամ։ Դասընթացը ավարտելուց հետո շահառուին տրամադրվում է վկայականի էլեկտրոնային տարբերակը, որից հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով և գործատուին 6 ամիս ժամկետով տրվում է առավելագույնը 50.000 դրամի չափով գումար՝ հարկերը և պարտադիր վճարները փոխհատուցելու համար։

     2.  Աշխատանքային փորձի ձեռքբերում – Տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին պայմանագիր, որից հետո գործատուն շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքելուց հետո գործատուին տրամադրվում է փոխհատուցում՝ 3 ամիս ժամկետով, ամսական՝ 165.000 դրամի չափով, ներառյալ հարկերը, տուրքերը և այլ վճարները: Գործատուին 3 ամիս ժամկետով տրամադրվում է նաև ամսական առավելագույնը 50.000 դրամի չափով գումար՝ հարկերը և այլ վճարները փոխհատուցելու համար:

    3.   Գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրում -  Գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր: Մասնակի փոխհատուցումը տրվում է այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով, աշխատանքային պայմանագիր է կնքում շահառուի հետ:

  •  Աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին տրամադրվում է  տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 50.000 դրամը։
  • Աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում ամսական գործատուին տրամադրվում Է տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 75.000 դրամը (12 ամիս)