E-work հարթակը աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին պետական հարթակն է, որը նպատակ ունի կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև։ Այն մեկտեղում է հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը՝ խթանելով պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։
Աշխատանք փնտրողին
Անձն աշխատանք փնտրելու նպատակով կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայություն և հաշվառվել որպես՝
1․ աշխատանք փնտրող կամ
2․ գործազուրկ
Աշխատանք փնտրող անձը 16 տարին լրացած անձն է, որը, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, աշխատանք փնտրող անձի համար սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Միասնական սոցիալական ծառայություն։
Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են՝
- գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի)
- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը
- անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
- ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը
Աշխատանք փնտրող անձն իրավունք ունի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝
- հաշվառվել
- ստանալ անվճար խորհրդատվություն զբաղվածության պետական ծրագրերի
- թափուր աշխատատեղերի
- հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության
- մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝ անցնելով նշված հղումով․
Աշխատանք փնտրող անձանց հաշվառումն իրականացվում է՝
- առձեռն եղանակով՝ անձի փաստացի բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի միջոցով կամ
- առցանց եղանակով e-work.am հարթակի միջոցով
Գործազուրկ են համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած (63 տարեկան)՝ աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Միասնական սոցիալական ծառայությունում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։