Գործազուրկի կարգավիճակի տրամադրումը

Գործազուրկ են համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած (63 տարեկան)՝ աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Միասնական սոցիալական ծառայությունում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են՝

  • գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի)
  • քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը
  • անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
  • ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը

Գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն ՀՀ կառավարության սահմանված կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում:

Գործազուրկի կարգավիճակ տալը

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Միասնական սոցիալական ծառայության կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Գործազուրկի կարգավիճակի դադարեցումը

Միասնական սոցիալական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

  1. գործազուրկը դարձել է զբաղված
  2. լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը (63 տարեկան)
  3. գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ
  4. գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ
  5. գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից
  6. գործազուրկը անհարգելի պատճառով Ծառայության հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` Ծառայություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է ՀՀ կառավարությունը։
  7. գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից
  8. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների
  9. գործազուրկը մահացել է։