Աշխատանք փնտրող անձանց հաշվառումը
Աշխատանք փնտրող անձանց հաշվառումն իրականացվում է՝
- առձեռն եղանակով՝ անձի փաստացի բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի միջոցով կամ
- առցանց եղանակով e-work.am հարթակի միջոցով
Առցանց եղանակով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձն անձամբ կամ տարածքային կենտրոնի մասնագետի աջակցությամբ գրանցվում է հարթակում` լրացնելով
- անուն, ազգանուն, հայրանուն
- ծննդյան օր, ամիս, տարի
- հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)
- էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը կամ
- ընտրելով mID/eID սեղմակները՝ անցում է կատարում «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակ, որտեղ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» դաշտերը՝ անցնում է նույնականացում։ Գրանցվելուց հետո աշխատանք փնտրող անձը կատարում է նշում տարածքային կենտրոնում հաշվառման համար։ Առցանց եղանակով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձն անձամբ կամ տարածքային կենտրոնի աջակցությամբ գրանցվում է e-work հարթակում:
Միասնական սոցիալական ծառայություն տարածքային կենտրոնում հաշվառվելու համար, աշխատանք փնտրող անձը ներկայացնում է.
1․ անձնագիր կամ նույնականացման քարտ
2․ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ
3․ կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում
4․ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող փաստաթուղթ կամ արխիվային տեղեկանք, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ
5․ զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում ՏԿ դիմելու դեպքում
6․ գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և էլեկտրոնային փոստի հասցեն):
Աշխատանք փնտրող անձն առձեռն եղանակով Միասնական սոցիալական ծառայություն տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է վերը նշված 1-5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակները։
Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա վերը նշված 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի փոխարեն (անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք) կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը։
Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, վերը նված նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը կամ ծառայությունների անհատական ծրագիրը:
Աշխատանք փնտրող զբաղված անձինք իրավունք ունեն ՀՀ կառավարության սահմանված կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում: