Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու կարգը
Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ։
Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կազմում գործող անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները (այսուհետ՝ գնահատող հանձնաժողով):
Գնահատումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ներդրված «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով e-disability էլեկտրոնային համակարգ:
Եթե գնահատվող անձը չի կարող ներկայանալ գնահատման վայր, և այդ մասին նշված է դիմումում և բժշկական փաստաթղթերում, ապա գնահատող հանձնաժողովը կարող է գնահատումն իրականացնել անձի գտնվելու վայրում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի ապրիլի 21-ի N 43-Ա/1 հրամանով հաստատված ախտաբանական վիճակներից որևէ մեկի առկայության պարագայում։
Ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)
Հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բժշկական կազմակերպությունը, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում՝ բուժման ընթացքում (սակայն ոչ շուտ բուժման սկզբից, քան 3 ամիս անց, բացառությամբ վերականգնման հեռանկար չունեցող հիվանդություններից), անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման:
Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր, կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ (բացառությամբ՝ Ղարաբաղից տեղահանված անձանց և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիներից):