Նպաստի իրավունքը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝
- ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
- նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),
- նոր ծնված երեխան չի գտնվում շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն),
- նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
Նշանակման կարգը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`
- նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝
- նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝
- նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։