Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ

Նպաստի իրավունքը
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`

  1. գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք․
  2. անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝

  1.  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
  2. բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
  3. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
    Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են՝

  1. ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն (որն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից)՝ իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.
  2. լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը (բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի) վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

Նշանակման կարգը

Բացառությամբ այն վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը նշանակում և հաշվարկում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով՝

  1. էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ.
  2. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ անձի՝ վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու, հաշվարկային ժամանակահատվածում վճարված (վճարվելիք) աշխատավարձի (եկամտի) կամ ստացված եկամուտների վերաբերյալ.
  3. լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա՝ անձին վճարված նպաստի վերաբերյալ.
  4. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները.
  5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև քաղաքացու դիմումը:

Վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկը վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար բացվում է հետևյալ տևողությամբ`

  1.  հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար՝ 140 օրացուցային օր (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
  2. հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար՝ 155 օրացուցային օր (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.
  3. հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար՝ 180 օրացուցային օր (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում: