Մանկատան շրջանավարտներին տրամադրվող սոցիալական աջակցություն
Դիմելու ընթացակարգեր
Դրամական աջակցություն նշանակելու և վարձավճարի հատուցման աջակցություն ստանալու համար շահառուն առցանց դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ socservice.am կայքէջի միջոցով՝ սեղմելով «առցանց դիմումներ» կոճակը, ընտրելով «մանկատան շրջանավարտների դրամական փոխհատուցման դիմումների հարթակը»։
Շահառուներ
Դրամական աջակացության տրամադրման շահառու է համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝
- ՀՀ քաղաքացի է, և
- մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ Կազմակերպություն), և
- 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել պարտադիր կրթությունն ավարտելուց հետո, և
- դիմելու պահին գտնվում է ՀՀ-ում։
Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ՝ 75.000 ՀՀ դրամ։
Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են
- իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.
- այն Կազմակերպության անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.
- բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ դրամական աջակցությունը.
- շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.
- զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։
Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։
Վարձավճարի հատուցման շահառու է հանդիսանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝
- մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն), և
- 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրթությունն ավարտելուց հետո, և
- չունի սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
- վերջին 5 տարիների ընթացքում չի օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը, և
- նրան չի հատկացվել բնակելի տարածություն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված կարգով, և
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և
- դիմելու պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում
Շահառուներին վարձավճարի հատուցման աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ՝ 100.000 ՀՀ դրամ։
Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են՝
- իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.
- այն Կազմակերպության անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.
- բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վարձավճարի հատուցումը.
- շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.
- վարձակալած բնակարանի հասցեն.
- զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։
Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։