Նպաստներ
Պետական նպաստներ
Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Շահառուներ
Անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ՝ դիմող) պետք է դիմի իր բնակության վայրին սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։
Անապահովության նպաստի նշանակման, վճարման և ընտանիքի անապահովության գնահատման կարգի մասին
Անապահովության նպաստ
Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ /2026 թվականի համար 35.875/ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից, և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից։
Եռամսյա հրատապ օգնություն
Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի Գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ /2026 թվականի համար 35.875/ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։
Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության
Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Անապահովության նպաստ և եռամսյա հրատապ օգնություն նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ չափահաս մյուս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց ներկայացնում է Գնահատման կարգով հաստատված դիմում: Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում։
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարածքային կենտրոն առցանց ներկայացնում է դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Դիմումը պետք է ներկայացնի ընտանիքի չափահաս անդամներից մեկը։
- Պետական ռեգիստրում գրանցված բնակության հասցեն պետք է համապատասխանի դիմողի ներկայացրած փաստաթղթերին։
- Դիմելու գործընթացի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնից։
Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության
Աջակցության շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար:Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է 30.000 ՀՀ դրամ:
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձիք,
- 63 և ավելի տարեկան անձիք,
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձիք,
- մինչև 18 տարեկան երեխաները՝ ներառյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձիք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում:
Աջակցություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։
Դիմողը ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում «Առցանց դիմումներ» դաշտը, ընտրում է միջոցառման անվանումը և ներկայացնում առցանց դիմում՝ դիմումի մեջ լրացնելով հետևյալ տվյալները՝
- անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը,
- իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը,
- հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,
- իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը,
- բնակավայրը,
- փաստացի բնակության վայրի հասցե։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի հունիս ամսվանից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։
Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը։
Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝
- ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
- սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
Հրատապ սոցիալական աջակցություն կարող են ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր այն ընտանիքները, որոնց անդամների տվյալներն առկա են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ հանդիսանում են ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումների արդյունքում շահառուի կարգավիճակ ստացած անձինք: Կարիքավոր ընտանիքներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55.000 ՀՀ դրամից։ Բռնի տեղահանված անդամ է դիտարկվում նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որի ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն տվյալ ընտանիքի բռնի տեղահանված անդամ է:
Աջակցությունից օգտվելու համար e-social.am հարթակում դիմողը ստեղծում է անհատական օգտահաշիվ, որի միջոցով «կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժնից ընտրում է համապատասխան միջոցառումը և ներկայացնում է առցանց դիմումը։
Դրա համար դիմողը մուտք է գործում e-social.am կայքէջ, ստեղծում է անհատական օգտահաշիվ` նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով և ներկայացնում՝
- իր և ընտանիքի անդամների անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը.
- հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
- բնակավայրը.
- բնակության վայրի հասցեն.
- իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը:
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
- մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ զոհված կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: