Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը բողոքարկելը
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածի 51-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը բողոքարկելն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
Ֆունկցիոնալության վերագնահատման համար դիմումը ներկայացնում է այն անձը, որի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի (այսուհետ՝ գնահատվող) կամ նրա ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, դիմում-բողոքը առցանց մուտքագրելով e-disability էլեկտրոնային համակարգ՝ https://e-disability.am/user-application հղումով:
Գնահատող հանձնաժողովի կողմից կայացված ֆունկցիոնալության գնահատման որոշումն (ընդունված վարչական ակտը) բողոքարկելու դեպքում` վերագնահատման համար դիմումը պետք է ներկայացնել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության վերագնահատման արդյունքում ընդունված վարչական ակտը կարող է բողոքարկել նաև դատական կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում: