Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիր
Ուշադրություն
Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 1-ը կնքված պայմանագրերի համար։
Ծրագրից կարող են օգտվել՝ օրենքով սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աջակցությամբ ընդգրկված չեն զբաղվածության պետական այլ ծրագրերում:
Վարձատրվող hասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝
- քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները
- սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը
- գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները
- մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները
- կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները
- Աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում և ներկայացնի ծրագրին մասնակցելու դիմում:
- Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած գործատուն պետք է հարթակում լրացնի վարձատրվող հասրակական աշխատանքերի իրականացման ծրագրային առաջարկություն:
- Ծրագրի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ օրվա աշխատանքային ծավալի համար տրամադրվում է գումար 3.500 դրամի չափով՝ ներառյալ հարկերը։