Նորություններ

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը մասնակցել է «EU4Youth. Երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագրի եզրափակիչ համաժողովին

մայիսի 19, 2026

Բրյուսելում տեղի է ունեցել «EU4Youth. Երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը, որի նպատակն էր ամփոփել Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների զբաղվածության խթանման, աշխատաշուկայի զարգացման և ոլորտային բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները։

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը ներկայացրել է Հայաստանում զբաղվածության ոլորտի վերջին տարիների զարգացումները, աշխատաշուկայի հիմնական միտումները, ինչպես նաև անդրադարձ է կատարել ոլորտային թվայնացման բարեփոխումներին, մասնավորապես՝ e-work․am հարթակի գործառույթներին ու հնարավորություններին։ 

Համաժողովի շրջանակում ընդգծվել է Արևելյան գործընկերության երկրների՝ Եվրոպական միության աշխատաշուկայի քաղաքականությանն ու սկզբունքներին շարունակաբար մերձենալու կարևորությունը։ Զբաղվածության ոլորտի քաղաքականությունը, հատկապես երիտասարդների զբաղվածության ապահովումը ԵՄ անդամակցության գործընթացում դիտարկվում է որպես էական նշանակություն ունեցող ուղղություն, ինչը և պահանջում է շարունակական համապատասխանեցում եվրոպական չափանիշներին և առաջադեմ գործելակերպին։

Համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները կարևորել են նաև Եվրոպական միության Հանրային զբաղվածության ծառայությունների ցանցի հետ կայուն և արդյունավետ համագործակցության խորացումը, զբաղվածության, կրթության և հմտությունների զարգացման համակարգերի միջև առավել ամուր փոխկապակցվածության ձևավորումը, ինչպես նաև՝ անդամակցության գործընթացին առնչվող բարեփոխումների շարունակական աջակցությունը։