«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիր
Ծրագրից կարող են օգտվել՝ 2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով և վերջին 1 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող:
Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից.
1. Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում - Տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման մասին պայմանագիր: Շահառուն ընդգրկվում է մինչև 6 ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման դասընթացում և ստանում ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50.000 դրամի չափով, և կրթաթոշակ՝ 50.000 դրամի չափով։ Դրանից հետո 3 ամիս ժամկետով (ամսական կտրվածքով) գործատուին տրվում է գումար առավելագույնը 50.000 դրամի չափով՝ շահառուի եկամտային հարկը և այլ վճարները փոխհատուցելու համար։
2. Աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում - Տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին պայմանագիր, որից հետո շահառուի հետ առանձին կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Գործատուն 3 ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին (ամսական կտրվածքով) տրամադրվում է փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար 165.000 դրամի չափով։ Դրանից հետո ևս 3 ամիս (ամսական կտրվածքով) գործատուին տրվում է գումար 50.000 դրամի չափով՝ շահառուի աշխատավաարձից հաշվարկվող հարկերը և այլ վճարները փոխհատուցելու համար։
3. Մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում - Կնքվում է պայմանագիր՝ տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև: Շահառուն ընդգրկվում է մինչև 6 ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50.000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50.000 դրամ կրթաթոշակ: Դրանից հետո գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165.000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50.000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` հարկերը և այլ վճարները փոխանցելու համար։