Չաշխատող անձի մայրության նպաստ

Նպաստի իրավունքը
Չաշխատող անձի մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող կամավորը:

Նշանակման կարգը
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է (են) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում, ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում: 

Օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: 

Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):