Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Նպաստի իրավունքը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝
 
  1. երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
  2. երեխան չի գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում.
  3. լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողի համար՝ տոկոսով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ (ներկայումս այն կազմում է 37500 դրամ).
  2. խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով (ներկայումս այն կազմում է 31600 դրամ):

Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ (69100 դրամ), եթե վճարելու ամսվա 1-ի դրությամբ՝

  1. առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և
  2. երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Նշանակման կարգը

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն:

Խնամքի նպաստը նշանակվում է, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է և խնամքի նպաստի վճարումը վերսկսվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խնամքի նպաստը նշանակվում է այն ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա։ Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա փոխվում է նաև բանկը։

Խնամքի նպաստը նշանակվում է՝

  1. երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
  2. դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո: