Մանկատան շրջանավարտներին տրամադրվող սոցիալական աջակցություն

Դիմելու ընթացակարգեր

Դրամական աջակցություն նշանակելու և վարձավճարի հատուցման աջակցություն ստանալու համար շահառուն առցանց դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ socservice.am կայքէջի միջոցով՝ սեղմելով «առցանց դիմումներ» կոճակը, ընտրելով «մանկատան շրջանավարտների դրամական փոխհատուցման դիմումների հարթակը»։

Շահառուներ

Դրամական աջակացության տրամադրման շահառու է համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝

  1. ՀՀ քաղաքացի է, և
  2. մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ Կազմակերպություն), և
  3. 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել պարտադիր կրթությունն ավարտելուց հետո, և
  4. դիմելու պահին գտնվում է ՀՀ-ում։

Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ՝ 75.000 ՀՀ դրամ։

Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են

  1.  իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.
  2. այն Կազմակերպության անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.
  3. բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ դրամական աջակցությունը.
  4.  շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.
  5. զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։

Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։

Վարձավճարի հատուցման շահառու է հանդիսանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝

  1.  մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն), և
  2. 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրթությունն ավարտելուց հետո, և
  3. չունի սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
  4. վերջին 5 տարիների ընթացքում չի օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը, և
  5. նրան չի հատկացվել բնակելի տարածություն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված կարգով, և
  6. Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և
  7. դիմելու պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Շահառուներին վարձավճարի հատուցման աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ՝ 100.000 ՀՀ դրամ։

Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են՝

  1. իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.
  2. այն Կազմակերպության անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.
  3. բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վարձավճարի հատուցումը.
  4. շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.
  5. վարձակալած բնակարանի հասցեն.
  6. զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։

Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։