Միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրվող ծառայությունները և կազմակերպվող միջոցառումներն անվճար են։
Հաճախ տրվող հարցեր
Աշխատանքի և զբաղվածության ծառայությունների ուղղությամբ
Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած (63 տարեկան)՝ աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Միասնական սոցիալական ծառայությունում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են՝
- գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի)
- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը
- անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
- ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը
Աշխատանքի տեղավորման համար անձը կարող է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, հաշվառվել՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը կամ դիմել առցանց՝ e-work.am հարթակի միջոցով:
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում ունեն միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը և վարկային պարտավորությունը ունի 3 տարվա չընդհատվող վաղեմություն (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով):
Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանը։
ՀԿԱ ծառայության կողմից շահառուի նկատմամբ վարկավորողի ներկայացրած՝ հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում անհուսալի վարկի մասով՝
- շահառուի աշխատավարձից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% (եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ)՝ 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից.
- շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին: Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման միջոցով։
Միասնական սոցիալական ծառայությունը գործատուներին տրամադրում է խորհրդատվություն՝ թափուր աշխատատեղերի և աշխատաշուկայի իրավիճակի մասին, տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին, աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար և խորհրդատվություն՝ զանգվածային կրճատումների դեպքում։