Կացարանների տրամադրում
Բնակարանի կարիք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի ապահովում
- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից` որպես սատարող ընտանիք
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող կամ անապահովության աստիճանը չի գերազանցում անապահովության նպաստի իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսը այն անձինք (ընտանիքները), ովքեր՝
- ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում,
- միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք:
Դիմելու ընթացակարգ՝
Կացարանում տեղավորվելու համար սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձը կամ ընտանիքը դիմում է իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և հաշվառվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիր
Շահառուների ընտրության հայտանիշներն են.
- ՀՀ-ում փախստական ճանաչված լինելը.
- ընտանիքի անդամներից առնվազն մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.
- սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.
- ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը.
- ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված չլինելը:
Դիմելու ընթացակարգ՝
Փոխհատուցում ստանալու համար ՀՀ-ում փախստական ճանաչված անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` Դիմող) ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոն (այսուհետ` Տարածքային կենտրոն) է ներկայացնում դիմում՝ համաձայն N 1 ձևի (N 1 ձևով նախատեսված դիմումի օրինակը Դիմողին տրամադրվում է վերջինիս բնակության վայրի Տարածքային կենտրոնում): Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։
Փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով՝ 60.000 ՀՀ դրամի չափով:
Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր
ՀՀ հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձած անձանց, ժամանակավոր կացարան վարձակալելու նպատակով, տրամադրվում է փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ 60.000 ՀՀ դրամի չափով:
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝
- տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում,
- կացարանով ապահովում։
Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (այսուհետ՝ վերադարձող ՀՀ քաղաքացիներ), երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։
Շահառուներ՝
կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով, և ՀՀ-ում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն:
Դիմելու ընթացակարգ՝
Փոխհատուցում ստանալու համար ՀՀ ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` Դիմող), ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոն (այսուհետ` Տարածքային կենտրոն) է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն N 1 հավելվածի N 1 ձևի (N 1 ձևով նախատեսված դիմումի օրինակը Դիմողին տրամադրվում է վերջինիս բնակության վայրի Տարածքային կենտրոնում):
Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը, ծրագրում սահմանված թիրախային խմբում ընդգրկված լինելը հավաստող այլ փաստաթուղթ (փաստաթղթեր)։
ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիր
Շահառուներ են՝
- գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, կամ
- գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
- առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողը՝ այրին,
առանձին բնակավայրերի դեպքում (այս պահին՝ Վայոց ձորի մարզ, Գոմք բնակավայր)՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
առանձին բնակավայրերի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է։
Ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ստացող ընտանիքները պետության կողմից կստանան մինչև 21 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում։
Ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ ստացած շինթույլտվություն:
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է դիմել ծրագրի շրջանակում համագործակցող բանկերից որևէ մեկին։
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝
- «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ
- «Էվոկաբանկ» ՓԲԸ
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
- «Յունիբանկ» ԲԲԸ
- «Ֆասթ բանկ»
- «Ֆինքա» ՈՒՎԿ։