Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Նպաստի իրավունքը 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

  1. ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
  2. նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),
  3. նոր ծնված երեխան չի գտնվում շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն),
  4. նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  5. նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  6. օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Նշանակման կարգը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

  1. նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝
  2. նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝
  3. նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

 

Կարևոր է իմանալ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: