Անձնական օգնականի ծառայության տրամադրման ծրագիր
Ծրագրից կարող են օգտվել՝ հաշմանդամություն ունեցող հետևյալ անձինք՝
- հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ
- մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձը, եթե՝
- սովորում կամ աշխատում է
- կամ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա 3 ամսվա ընթացքում պարտադիր սովորելու, ուսանելու կամ աշխատելու է
Անձնական օգնականի ծառայություն ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը գրավոր դիմում է իր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
Ծառայության 1 ժամվա արժեքը կազմում է 1.050 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները:
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս և գործունակ անձ, ով մասնակցել է անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներին և ունի այն հավաստող վկայական:
Անձնական օգնականների վերապատրաստմանը մասնակցելու նպատակով անձը պետք է հաշվառվի Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առկա «Առցանց դիմումներ» բաժնի «Անձնական օգնականների դիմումների հաշվառման» հարթակում։
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ
Քայլ 1. Ծառայության ցուցում
Հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ), որով ցուցված է անձնական օգնականի ծառայության տրամադրումը։
Քայլ 2. Անձնական օգնականի ընտրություն
Անձը կարող է ընտրել նախընտրելի անձնական օգնական, որը պետք է հաշվառված լինի անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակում։
Քայլ 3. Դիմումի ներկայացում
Հաշմանդամություն ունեցող անձը անձնական օգնականի ծառայություն ստանալու նպատակով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն է ներկայացնում գրավոր դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր։
Քայլ 4. Փաստաթղթերի և պայմանների ստուգում
Տարածքային կենտրոնը ստուգում է՝
- անձի ֆունկցիոնալության աստիճանի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
- ընտրված անձնական օգնականի հաշվառված լինելը անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակում:
Քայլ 5. Անձնական օգնականի վերապատրաստում
Անձնական օգնականն անցնում է վերապատրաստման մեկշաբաթյա դասընթաց, որի արդյունքում ստանում է հավաստող վկայական:
Քայլ 6. Պայմանագրի կնքում
Վերապատրաստումն ավարտելուց և վկայականը ստանալուց հետո անձնական օգնականը հաշմանդամություն ունեցող անձի հետ կնքում է «Հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման» երկկողմ պայմանագիր:
Քայլ 7. Վճարման ապահովման պայմանագրի կնքում
Տարածքային կենտրոնը կնքում է անձնական օգնականի վճարումն ապահովելու մասին պայմանագիր:
Քայլ 8. Ծառայության մատուցում
Անձնական օգնականը սկսում է ծառայության մատուցումը և վարում է ծառայությունների մատուցման օրագիր:
Քայլ 9. Հաշվետվության ներկայացում և վճարում
Մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը անձնական օգնականը տարածքային կենտրոն է ներկայացնում հայտ-պահանջագիր, որի հիման վրա իրականացվում է ծառայության դիմաց վճարում հետևյալ չափերով՝
Ֆունկցիոնալության խորը աստիճանի դեպքում – մինչև 147.000 դրամ,
Ֆունկցիոնալության ծանր աստիճանի դեպքում – մինչև 126.000 դրամ,
Ֆունկցիոնալության միջին աստիճանի դեպքում – մինչև 105.000 դրամ: